Հ1-ը էժանագին «կռուտիտ» արեց, ՀՀ-ն անատամ դարձավ, անգամ ագրեսոր ու հարձակվող երկիր Ադրբեջանում այդ օրը հիշատակի օր էր. Արմեն Աշոտյան

Հ1-ը էժանագին «կռուտիտ» արեց, ՀՀ-ն անատամ դարձավ, անգամ ագրեսոր ու հարձակվող երկիր Ադրբեջանում այդ օրը հիշատակի օր էր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք խոսեցինք անբարոյականության դրսևորումների մասին, սեպտեմբերի 27-ը մի խայտառակ միջադեպ էր, որը միջադեպ էլ չէ, միջադեպ փորձում են որակել, բայց իրականում համակարգային ճգնաժամի հետևանք է։ Ես վստահ եմ, որ Հ1-ը պարզապես փորձել է շոշափել հանրային տրամադրությունները, որովհետև մինչ այդ մարսել են սեպտեմբերի 19-ը, և երբ արցախյան մեկօրյա պատերազմի օրերին եթերներում նույնպես տոնախմբություն էր տիրում, մտածել են միանգամից 27-ն էլ մարսեն, բայց հասարակության իմունիտետը տեղն է, Հ1-ի բացատրությունները էժանագին «կռուտիտ» են:

Ես ինքս շուրջ 1 տարի աշխատել եմ Հ1-ում, և լավ գիտեմ, թե ինչպես է այդ եթերային քաղաքականությունը որոշվում, այստեղ ուզում եմ ընդգծել՝ ամոթի աստիճանը այն մակարդակի է, որ Ադրբեջանում՝ ագրեսոր երկրում, նույն օրը հիշվում է որպես հիշատակի օր, այսինքն ագրեսորը, հարձակվողը, զոհերի, էթնիկ զտումների, մարդկության դեմ ոճիրների, ֆոսֆորական զենքերի մեղավոր երկիրը նշում է այդ օրը որպես հիշատակի օր, դա էլ հերիք չէ, միջազգային մամուլը՝ մասնավորապես «Եվրոնյուզ»-ի կայքը, սեպտեմբերի 26-27-ի միջակայքում այդ ամենը լուսաբանում է։ Այսինքն, մենք հասել ենք անատամության, և բոլոր այն հարցերը, որոնք իրականում մեր ազգային պետական շահերի օրակարգի մաս պետք է կազմեին, չեն կազմում, անգամ ջանք էլ չի գործադրվում միջազգային մամուլում լուսաբանման արժանանալուն»,- նշել է Աշոտյանը: