Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում /armeniasputnik.am

13

Քարդաշյանների ընտանիքը ճաշել է հայկական ռեստորաններից մեկում: Քորթնի Քարդաշյանն ամբողջ ընթացքում մատուցողների հետ հայերեն է խոսել։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`Քորթնի Քարդաշյանը, իր և Քիմի երեխաների հետ երեկ ճաշել է «Լավաշ» ռեստորանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշեց, որ հատկապես Քորթնին շատ է զարմացրել իրենց։

Գաբրիելյանը պատմեց նաև, որ Քարդաշյանների օգնականը ճաշից մոտ կես ժամ առաջ է կապ հաստատել ռեստորանի հետ, խնդրել ուղարկել ճաշացանկը` ծանոթանալու համար։ Քանի որ հյուրերի ժամանակը սեղմ է եղել, ուտեստները նախապես են պատվիրել։

Շատ են հավանել թփով տոլման, առանձնահատուկ գովասանքի խոսքեր են ասել ճաշացանկում նոր տեղ գտած ուտեստի՝ ընկույզով պաշտետի մասին։ Նաև կերել են հայկական խորոված, ձուկ, բրինձ։ Շատ են սիրել մատուցված տնական կոմպոտները, երեխաները հիմնականում կերել են ֆրի ու տապակած կարտոֆիլ։ Բացի պատվիրված ուտեստներից, ռեստորանում Քարդաշյանների ընտանիքին մատուցվել է նաև ղափամա՝ որպես ավանդական խոհանոցի գեղեցիկ ու համեղ ուտեստ։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ինչ արդյունքի է հասել երգիչ Սարոն մարզումների շնորհիվ (լուսանկար)

Հյուրերին դուր է եկել թե՛ համը, թե՛ մատուցման ձևը։ Ռեստորանում երկար չեն մնացել, քանի որ օրակարգը խիտ է եղել, արագ ճաշել են և գնացել։

Քարդաշյանը երեխաների հետ կարմիր վարդեր դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. տեսանյութ

Հիշեցնենք, որ համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am