«Սա քաղաքական հարց է, և որոշումը կայացված է». Փաշինյանը մերժեց Դավիթ Անանյանի առաջարկը

444

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը դեմ է, որպեսզի ՊԵԿ քննչական վարչությունը հակակառուպցիոն ռազմավարության շրջանակներում միավորվի Քննչական կոմիտեին։

Ըստ Անանյանի՝ ՊԵԿ-ը հնարավորություն չի ունեցել ներկայացնել նախագծի այդ կետի վերաբերյալ իր առարկությունները։

«ՊԵԿ Քննչական վարչությունն առանձնահատուկ է նրանով, որ հարկային և մաքսային ծառայող հանդիսացող քննիչներն ավելի համապարփակ գործունեություն իրականացնելու հնարավորություն ունեն, հարկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հասանելիության և ավելի սերտ համագործակցության արդյունքում ավելի արդյունավետ են գործում, և այն խնդիրները, որոնք դրված են ՊԵԿ-ի վրա, դրանց իրագործման համար ունեն իրենց կարևոր մասնակցությունը»,- ասաց Դավիթ Անանյանը՝ իր անհամաձայնությունները ներկայացնելով այդ միավորման վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ նախագիծը նախապես քննարկվել է և ինքը ստացել է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հետևաբար՝ չեն կարող լինել այնպիսի իդեալական լուծումներ, որոնք դուր գան բոլորին։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Սա է տնտեսական հեղափոխությունը». Վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Էդ քննարկումը նրա համար էր, որ վերջնականացնենք բոլոր մտահոգությունները, և ոնց որ՝ այդ քննարկման արդյունքում եկանք վերջնական լուծումների։ Կարծում եմ՝ ինչ քննարկեցինք, որոշեցինք, այդ տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- ասաց Փաշինյանը։

Դավիթ Անանյանը շարունակեց պնդել, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեին միավորելու վերաբերյալ առաջարկվող դրույթը ևս մեկ անգամ խորացված քննարկման անհրաժեշտություն ունի, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։

«Երբ սրա արդյունքում պարզվի, որ կա մի փաստարկ, որ հաշվի չենք առել, կարող ենք այդ հարցին վերադառնալ»,- ասաց Փաշինյանը։

Նախագիծն ընդունվեց։

Նյութի աղբյուր՝ 168.am