Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար է վճարվել Ակադեմիական քաղաքի հատակագծի համար

Հայաստանում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու համար պետական բյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնել է, որ նախագծման ծառայությունների մասին պայմանագրով նախատեսված կանխավճարի վճարումներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառման շրջանակներում:

«Պայմանագրի արժեքը կազմում է մինչև 854.100 եվրո՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերություն վճարման համար և մինչև 212.900.000 ՀՀ դրամ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին վճարման համար»,-պարզաբանել է ԲԿԳԿ նախագահը:

Մասնավորաես՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունը ՀՀ ԿԳՍՄՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հետ կնքած ճարտարապետական նախագծման ծառայությունների պայմանագրով պարտավորվում է մատուցել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի նկարագրություն և տեսլականի մշակման, ինչպես նաև կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք են բերվել առանց մրցույթի՝  մեկ անձից գնման ձևով:

Այս հանգամանքը, ինչպես նաև նախագծման աշխատանքների իրականացումը օտարերկրյա ընկերությանը պատվիրելու փաստը հաշվի առնելով NEWS.am-ը հետաքրքրվել էր, թե նախքան գերմանական ընկերության հետ համագործակցությունը, արդյոք քննարկումներ իրականացվե՞լ են հայ ճարտարապետների հետ, առհասարակ, ինչու՞  պետությունը Հայաստանի ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման հարցում նախապատվությունը չի տրվել ՀՀ-ում կամ արտերկրում գործունեություն ծավալող հատակագծման և կառուցապատման նախագծեր մշակող հայկական ընկերություններին:

Այս առնչությամբ Սարգիս Հայոցյանը պատասխանել է.

«Մինչ օտարերկրյա գործընկերոջ հետ համագործակցության հաստատումը, ծրագրի վերաբերյալ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ պարբերաբար տեղի են ունեցել քննարկումներ։ Բացի այդ, ինչպես նշվեց, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հանդիսանում է ճարտարապետական նախագծման ծառայությունների պայմանագրի Կողմ: Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս՝ հաշվի առնելով Ակադեմիական քաղաքի նման ընդարձակ գիտական, կրթական և նորարարական միջավայրերի ճարտարապետական նախագծման ոլորտում վերջինիս փորձը, միջազգային բարձր վարկանիշն ու բազմամյա գործունեության պատմությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի նախագծման բացառիկ հեղինակային իրավունքը»:

Աղբյուր

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։