Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 85 տարեկան

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մանսուրյանը նշում է 85-ամյա հոբելյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է. նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: 1947թ. Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ. վերջնականապես հաստատվել Երևանում:

Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-1965թթ.): 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր՝«Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն»(երեքն էլ՝ մեծ նվագախմբի համար), «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու՝ Արարատին բաց պատուհանից»(ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար), վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր»(խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի»(խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլն:

Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի համար. նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Այդ ֆիլմերն են ՝«Նռան գույնը», 1969 թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969 թ., «Սգավոր ձյունը», 1978 թ., «Կտոր մը երկինք», 1980 թ., «Հին օրերի երգը», 1982 թ., «Կորիոլան», 1982 թ., «Մեր մանկության տանգոն», 1984 թ., «Ճերմակ անուրջներ», 1984 թ., վավերագրական՝ «Հայկական մանրանկարչություն», 1966 թ., «Մատենադարան», 1983–85 թթ., ֆիլմաշար, «Գեորգի Յակուլով», 1991 թ., «Փարաջանով. վերջին կոլաժ», 1995 թ., մուլտիպլիկացիոն՝ «Լիլիթ», 1972 թ., «Կախարդական լավաշը», 1973 թ., և այլն) ու թատրոնի «Մհերի դուռը», 1976 թ., «Ծիրանի ծառ», 1978 թ. (երկուսն էլ՝ ըստ Վահագն Դավթյանի), «Հացավան», 1980 թ. (ըստ Նաիրի Զարյանի), Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», 1981 թ., Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն», 1988 թ.:

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու-Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968 թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985 թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006 թ.):

Նյութի աղբյուր՝ araratnews.am

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։