Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում:
Տեսչական մարմնից հահտնում են՝ հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրել են տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար: Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվել է ողջամիտ ժամկետ:
2026թ. օգոստոսի 1-ից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ: Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:
Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։
