Անվճար տրանսպորտ թոշակառուներին։հարգարժա՛ն Երևանցիներ,
Այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։
Երևանում բնակվում է շուրջ 150 000 կենսաթոշակառու։ Նրանցից մոտ 120 000-ը ստիպված է ամսական 6500 դրամ վճարել «զեղչված» տրանսպորտային փաթեթի համար։
Մեկ պարզ հաշվարկ․
* Ամսական կտրվածքով մեր թոշակառուների գրպանից կորզվում է 700 միլիոն դրամ։
* Տարեկան կտրվածքով դա կազմում է 8,5 միլիարդ դրամ։
8,5 միլիարդ դրամ՝ նրանցից, ովքեր իրենց ամբողջ կյանքն ու քրտինքն են դրել այս քաղաքի ու այս պետության շենացման գործում։
Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը որոշել, որ տարեց մարդը, որի միջին թոշակը հազիվ բավարարում է տարրական դեղորայքին ու կոմունալ վճարներին, պետք է տարեկան տասնյակ հազարավոր դրամներ վճարի ընդամենը հարազատին այցելելու, բուժկենտրոն կամ դեղատուն հասնելու համար։
Սա «արտոնություն» չէ, սա ծաղր է սոցիալական պետության ideayi նկատմամբ։ Քաղաքային բյուջեում գտնվում են միլիարդավոր դրամներ տարատեսակ անարդյունավետ ծախսերի, ճոխությունների ու PR ակցիաների համար, բայց երբ հարցը վերաբերում է ավագ սերնդին, համակարգը դառնում է անխիղճ հաշվիչ։
Մեր պահանջը հստակ է և անսակարկելի․
* Տրանսպորտը թոշակառուների համար պետք է լինի ԱՆՎՃԱՐ։ Ոչ թե «զեղչված», ոչ թե «կես գնով», այլ ամբողջությամբ անվճար։
* 8.5 միլիարդ դրամի բեռը պետք է վերցնի համայնքային ու պետական բյուջեն։ Դա վարչական ապարատի ու անհարկի ծախսերի օպտիմալացման ուղիղ արդյունք պետք է լինի, այլ ոչ թե թոշակառուի գրպանի հաշվին։
Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է։ Ժամանակն է դադարեցնել տրանսպորտային բարեփոխումների անվան տակ սոցիալապես խոցելի խմբերի հաշվին բյուջե լցնելու արատավոր պրակտիկան։
